ՄԱԿ-ի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելուց ի վեր ավելի քան չորս միլիոն մարդ լքել է Ուկրաինան
Ավելի քան չորս միլիոն մարդ լքել է Ուկրաինան Ռուսաստանի կողմից պատերազմի մեկնարկից ի վեր։ Համապատասխան տվյալները հրապարակում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդեն այս պահին գտնվում է Լվովում։
«Ռուսական հարձակման մեկնարկից հինգ շաբաթ անց Ուկրաինայից փախստականների թիվը հասել է չորս միլիոնի։ Ես նոր եմ ժամանել Ուկրաինա։ Լվովում ես իշխանությունների, ՄԱԿ-ի և այլ գործընկերների հետ քննարկում եմ այս անիմաստ պատերազմից տուժածներին և ներքին տեղահանվածներին մեր աջակցությունն ավելացնելու ուղիները», – գրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին Twitter-ում։
Կազմակերպության տվյալներով՝ Լեհաստան է տեղափոխվել 2,3 մլն ուկրաինացի փախստական, ավելի քան 608 հազարը՝ Ռումինիա, ավելի քան 387 հազարը՝ Մոլդովա, մինչև 365 հազարը՝ Հունգարիա։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը ասում է, որ Ուկրաինայից փախստականների հոսքի տեմպերն ու մասշտաբները երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աննախադեպ են Եվրոպայում: Ուկրաինայից փախածների 90 տոկոսը կանայք և երեխաներ են: 18-ից 60 տարեկան ուկրաինացի տղամարդկանց, ովքեր կարող են զինվորական ծառայության անցնել, արգելվում է լքել երկիրը: