ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը զգուշացրել է Պուտինին, որ միլիոնավոր մարդիկ սովից կմահանան, եթե Ուկրաինայի նավահանգիստները մնան արգելափակված
ՄԱԿ-ի բանագնացը Վլադիմիր Պուտինին զգուշացնում է, որ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում սովից կմահանան, եթե ուկրաինական նավահանգիստները արգելափակված մնան։ Այս մասին «CNN»-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիզլին։
«Միլիոնավոր մարդիկ կմահանան ամբողջ աշխարհում, քանի որ այս նավահանգիստները արգելափակված են։ Եթե դուք խղճում եք մարդկանց աշխարհի այլ մասերում, անկախ նրանից, թե ինչ եք զգում Ուկրաինայի նկատմամբ, դուք պետք է բացեք այդ նավահանգիստները», – ասել է Բիզլին լրագրողին այն հարցին, թե ինչ կասեր Ռուսաստանի նախագահին:
Ըստ «CNN»-ի, Ուկրաինայից գյուղատնտեսական կենսական նշանակություն ունեցող պաշարները, որոնք հայտնի են որպես «Հացի համաշխարհային զամբյուղ», փակվել են, քանի որ Ռուսաստանը արգելափակել է Օդեսան և երկրի այլ կարևոր նավահանգիստները։
Բիզլին ասաց, որ նավահանգիստները պետք է բացվեն և շահագործման հանձնվեն մոտակա 60 օրվա ընթացքում, հակառակ դեպքում, նրա խոսքով, գյուղատնտեսության վրա հիմնված Ուկրաինայի տնտեսությունը կփլուզվի։
ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի տվյալներով՝ Ուկրաինան աշխարհում հինգերորդն է գյուղատնտեսական կարևոր ապրանքների, այդ թվում՝ ցորենի, եգիպտացորենի և գարու արտահանմամբ։ Անցյալ տարի Ուկրաինայի արտահանման 41%-ը ստացվել է գյուղմթերքներից։