ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող և ապագա անդամ երկրները կոչ են անում Ռուսաստանին անհապաղ դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից և հետ կանչել երկու շրջանների անկախության ճանաչումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստում ռուս-վրացական պատերազմի 18-րդ տարելիցի հետ կապված քննարկել է Ռուսաստանի կողմից բռնազավթված Վրաստանի տարածքներում տիրող իրավիճակը և ռուս-վրացական հակամարտության հարցը: Նշվածի վերաբերյալ տեղեկատվություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Նախարարության տեղեկացմամբ՝ նիստի շրջանակներում Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի և Օվկիանիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Մուհամեդ Խալեդ Խիարին զեկույց է ներկայացրել և Խորհրդի անդամներին թարմացված տեղեկատվություն է տրամադրել տեղում տիրող իրավիճակի և Ժնևի միջազգային բանակցությունների գործընթացի մասին:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվությամբ՝ նիստի ավարտից հետո ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Անվտանգության խորհրդի անդամ երկրների՝ Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Լատվիայի, Դանիայի և Հունաստանի, ինչպես նաև Խորհրդի ապագա անդամ երկրների՝ Ավստրիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչները:
«Վերոնշյալ երկրների ներկայացուցիչները հայտարարության մեջ նշել են, որ 18 տարի է անցել Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների դեմ իրականացված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայից և հետագա ապօրինի բռնազավթումից (օկուպացիայից): 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան ցույց տվեց հարևանների նկատմամբ Ռուսաստանի ավելի ագրեսիվ քաղաքականության սկիզբը: Ռուսաստանը շարունակում է այս ուղին Ուկրաինայի դեմ իր չհրահրված և չարդարացված ագրեսիայով և հարևան երկրների դեմ իրականացվող անպատասխանատու ու վտանգավոր գործողություններով:
Հայտարարության մեջ վճռականորեն աջակցվում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դատապարտված է ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ Վրաստան ռուսական ռազմական ուժերի դաժան ներխուժումը և շարունակվող ապօրինի ռազմական ներկայությունը, ինչպես նաև արդյունավետ վերահսկողության իրականացումը և երկու շրջանների անեքսիային ուղղված քայլերը, այդ թվում՝ Ռուսաստանի և Ցխինվալիի օկուպացիոն ռեժիմի միջև 2026 թվականի մայիսի 9-ին ստորագրված այսպես կոչված դաշնակցային համագործակցության խորացման մասին համաձայնագիրը:
Երկրները ողջունել են Նաուրուի Հանրապետության որոշումը՝ «Աբխազիայի Հանրապետության» և «Հարավային Օսեթիայի Հանրապետության» անկախ պետություններ ճանաչումը հետ կանչելու և նրանց հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Այդ հետ մեկտեղ, կոչ են արել այն պետություններին, որոնք ճանաչել են Վրաստանի բռնազավթված շրջանների այսպես կոչված անկախությունը, հետևել Նաուրուի օրինակին և հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Երկրների ներկայացուցիչները հայտարարության մեջ դատապարտել են Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի բռնազավթված տարածքներում շարունակվող սադրանքները, ռազմականացումը, ապօրինի օդային, ծովային և երկաթուղային հաղորդակցության մեկնարկը և տեղում անվտանգության ու մարդու իրավունքների խախտումները:
Նաև հիշեցրել են միջազգային դատարանների որոշումները, որոնք բազմիցս հաստատել են Ռուսաստանի Դաշնության՝ որպես տեղում արդյունավետ վերահսկողություն իրականացնողի պատասխանատվությունը մարդու իրավունքների ծանր խախտումների, այդ թվում՝ խաղաղ բնակչության սպանությունների, խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստերի և այլնի համար:
Փաստաթղթում խոր մտահոգությամբ նշված է այն փաստը, որ Ռուսաստանը չի կատարել Եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին կնքված կրակի դադարեցման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ դուրս բերել իր ուժերը մինչև ռազմական գործողությունների սկիզբը եղած գծեր և ապահովել մարդու իրավունքների միջազգային մոնիտորինգի մեխանիզմների, ինչպիսին է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, անխափան մուտքը:
Համատեղ հայտարարության մեջ ընդգծված է նաև բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը և նրանց համար անվտանգ, արժանապատիվ ու անխոչընդոտ վերադարձի պայմաններ ստեղծելու կարևորությունը:
Համաձայն հայտարարության՝ երկրները հավատարիմ են մնում Ժնևի միջազգային բանակցություններին (GID) և աջակցում են Էրգնեթիում Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների հանդիպումների շարունակմանը, իսկ Գալիի հանդիպումների անհապաղ վերսկսման կոչով են հանդես գալիս:
Հայտարարության մասնակիցները ևս մեկ անգամ կոչ են անում Ռուսաստանին լիովին կատարել 2008 թվականի կրակի դադարեցման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և անհապաղ դուրս բերել իր զորքերը Վրաստանի տարածքից: Նրանք նաև կոչ են անում Ռուսաստանին հետ կանչել Վրաստանի երկու շրջանների անկախության ճանաչումը, չխոչընդոտել տեղում անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծմանը և թույլատրել միջազգային մարդու իրավունքների պաշտպան և հումանիտար կազմակերպությունների մուտքը երկու շրջաններ:
Վերջում երկրներն ընդգծում են ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա», – նշված է տեղեկատվության մեջ: