ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
«Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտում են հունվարի 3-ին Իրանի Հանրապետության Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այս ահաբեկչության հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ երեխաներ եւ կանայք, 211 մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ևս մեկ անգամ հաստատեցին, որ ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով հանդիսանում է միջազգային խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը։
Անվտանգության խորհրդի անդամները նշել են այս ահաբեկչության կազմակերպիչներին ու ֆինանսավորողներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Նրանք կոչ են արել բոլոր պետություններին, միջազգային իրավունքով և Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ակտիվորեն համագործակցել Իրանի կառավարության, ինչպես նաև մյուս պատկան մարմինների հետ այս հարցում:
«Ահաբեկչական ցանկացած գործողություն հանցավոր է և անհիմն՝ անկախ դրանց դրդապատճառներից, որտեղ, երբ և ում կողմից են դրանք կատարվել։ Բոլոր պետությունները պետք է բոլոր միջոցներով պայքարեն ահաբեկչական գործողությունների դեմ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի, ներառյալ մարդու իրավունքների միջազգային իրավունքը, փախստականների մասին միջազգային իրավունքը և միջազգային մարդասիրական իրավունքը», – ասվում է հայտարարության մեջ: