Մահմուդ Աբաս. Ես որոշեցի գնալ Գազայի հատված բոլոր պաղեստինցի առաջնորդների հետ, մեր հաջորդ նպատակակետը կլինի Երուսաղեմը
Մահմուդ Աբաս. Ես որոշեցի գնալ Գազայի հատված բոլոր պաղեստինցի առաջնորդների հետ, մեր հաջորդ նպատակակետը կլինի Երուսաղեմը

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է Գազայի հատված իր այցի մասին։

«Ես ձեր և ողջ աշխարհի առաջ հայտարարում եմ, որ որոշել եմ Պաղեստինի բոլոր առաջնորդների հետ միասին գնալ Գազայի հատված»,- ասել է Աբասը Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ։

Բացի այդ, Աբասը կոչ է արել արաբական, իսլամական և այլ բարեկամ երկրների ղեկավարներին, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին միանալ ծրագրված այցին, որպեսզի օգնեն «դադարեցնել Իսրայելի ագրեսիան»:

«Մեր հաջորդ հանգրվանը կլինի սուրբ քաղաք Երուսաղեմը՝ մեր հավերժական մայրաքաղաքը», – ասել է Աբասը։

Պաղեստինի ինքնավարության ղեկավարն ընդգծել է, որ Գազայի հատվածը, Արևելյան Երուսաղեմը և Արևմտյան ափը մեկ աշխարհագրական միավոր են։

«Առանց Գազայի պաղեստինյան պետություն չի կարող լինել։ Նրանց, ովքեր խոսում են Գազայի հետպատերազմյան սցենարների մասին, մենք ասում ենք, որ Գազան, Հորդանան գետի Արևմտյան ափը և Երուսաղեմը մեկ են, որոնք միասին կազմում են պաղեստինյան պետությունը»,- ասել է Աբասը։

Հիշեցնենք՝ Գազայի հատվածի առողջապահական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի ռազմական գործողություններից հետո Գազայի հատվածում ավելի քան 40 հազար մարդ է մահացել։