Մալթացի լրագրողի սպանության հետ կապված 8 մարդ է ձերբակալվել
Մալթացի լրագրողի սպանության հետ կապված 8 մարդ է ձերբակալվել

Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը լրագրողներին հայտնել է, որ Մալթայի ոստիկանությունը 8 մարդու է ձերբակալել լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությանը հանցակցելու կասկածանքով, փոխանցում է BBC-ն:

Մալթացի լրագրող և  բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան զոհվել է հոկտեմբերի 16-ին ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, որն ինքն էր վարում: Պայթյունը տեղի է ունեցել տանից լրագրողի դուրս գալուց կարճ ժամանակ անց:

Զոհվելուց 2 շաբաթ առաջ կինը ոստիկանությանը հայտնել էր իրեն ուղղված սպառնալիքներ ստանալու մասին:

Լրագրողը Մուսկատին և նրա կնոջը մեղադրում էր Պանամայում օֆշորային ընկերությունների հետ կապերի մեջ:

Նախկինում Դաֆնե Կաուանա Գալիցիան մասնակցել է, այսպես կոչված, «Պանամական դոսյեի» հրապարակումներին, որում տեղեկություններ կան աշխարհի տարբեր երկրների օֆշորային ընկերությունների սեփականատերերի մասին:

Գալիցիայի մահվանից հետո WikiLeаks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը  խոստացել է 20 հազար եվրո վճարել տեղեկության համար, որը կնպաստի լրագրողի մարդասպաններին բռնելուն: