Լուկաշենկոն ներում է շնորհել 123 օտարերկրյա քաղաքացու՝ Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, այդ թվում՝ բելառուսական ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 օտարերկրյա քաղաքացու՝ Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, այդ թվում՝ բելառուսական ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային

Ալեքսանդր Լուկաշենկոն, Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ներման է ենթարկել 123 օտարերկրյա քաղաքացու։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Լուկաշենկոն այս որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի խնդրանքով, ինչպես նաև ի պատասխան Բելառուսի կալիումի արդյունաբերության նկատմամբ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սահմանած պատժամիջոցների և այլ «անօրինական» սահմանափակումների վերացման հետ կապված պայմանավորվածությունների։

Ներման ենթարկված անձինք, ըստ մամուլի ծառայության, մեղադրվում էին լրտեսության, ահաբեկչության և ծայրահեղական գործունեության համար։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ազատ արձակվածների թվում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Ուկրաինայի, Լատվիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի քաղաքացիներ։ Նոյեմբերին կայացված որոշումների արդյունքում ներման ենթարկվածների ընդհանուր թիվը հասել է 156-ի։

BBC-ի տեղեկություններով՝ ազատ արձակվածների թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան, ով 2020 թվականին Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ զանգվածային բողոքի ցույցերի առաջնորդներից էր։ Նա դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման՝ «ծայրահեղական խմբավորման ստեղծման», «ազգային անվտանգությանն սպառնացող գործողությունների կոչերի» և «իշխանությունը զավթելու դավադրության» մեղադրանքով։

Բացի այդ, ներման ենթարկվածների թվում է Նոբելյան խաղաղության մրցանակակիր Ալես Բյալյացկին։

BBC-ն նաև նշում է, որ ներման ենթարկվածների մի խումբ շուտով կժամանի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս։