Լուգանսկի մարզի վարչակազմի ղեկավար. Ռուսական օկուպացիոն ուժերը փորձում են ամբողջությամբ գրավել Սևերոդոնեցկը, սակայն զգալի կորուստներ են կրում
Ռուսական օկուպացիոն ուժերը փորձում են ամբողջությամբ գրավել Սևերոդոնեցկ քաղաքը, սակայն զգալի կորուստներ են կրում,- ըստ ուկրաինական լրատվամիջոցների, այս մասին հայտարարել է Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Գայդայի խոսքով՝ ռուս զինվորականները հնարավորություն են ունեցել շրջափակել քաղաքը, սակայն ուկրաինական հրետանային հարձակման արդյունքում օկուպացիոն ուժերը նահանջել են։
Սերգեյ Գայդայի խոսքով՝ ուկրաինական բանակը լիովին վերահսկում է Սևերոդոնեցկի մոտ գտնվող Լիսիչանսկ քաղաքը, թեև քաղաքը մշտապես ռմբակոծվում է ռուսների կողմից։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական օդուժը ոչնչացրել է ռուսական զորքերի մարտավարական խումբ, ռազմակայաններից մեկը և անօդաչու թռչող սարք։ Խարկովի ուղղությամբ ռուսական օկուպացիոն ուժերը թնդանոթներով և ռեակտիվ հրետանիով ռմբակոծել են ուկրաինական զորքերի դիրքերը։ Ռուսական բանակը ռմբակոծել է Նիկոլաևի թաղամասը, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։