Լրատվամիջոցների տեղեկությամբ՝ թուրք-ռուսական պատվիրակությունների նիստում որոշվել է, որ հնարավոր է ուկրաինական նավահանգիստներում առևտրային նավերի արգելափակման հարցով թուրքական, ռուսական, ուկրաինական և ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպում անցկացվի
Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի փոխադրման համար Սև ծովում առևտրային նավերի ապաշրջափակման հարցով Մոսկվայում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների հանդիպումը։
Ըստ ԶԼՄ-ների՝ Անկարան հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության պատվիրակությունների միջև բանակցությունները՝ թուրք և ռուս գեներալների գլխավորությամբ, եղել են կառուցողական և դրական։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ բանակցությունների արդյունքում որոշվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպումը՝ լուծելու ուկրաինական նավահանգիստներում առևտրային նավերի ապաշրջափակման հարցը։ Քառակողմ հանդիպումը, բոլոր կողմերի համաձայնությամբ, առաջիկա շաբաթներին կարող է անցկացվել Թուրքիայում։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, մոսկովյան հանդիպումը տվել է առաջին կոնկրետ արդյունքը և փաստորեն, բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց թուրքական «Ազով Կոնկորդ» բեռնանավը լքել է Ուկրաինայի Մարիուպոլ նավահանգիստը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Ազով Կոնկորդ»-ը դարձել է առաջին արտասահմանյան նավը, որը լքել է ուկրաինական նավահանգիստը, որը վերահսկվում է ռուսական բանակի և անջատականների կողմից։