Լրատվամիջոցների հաղորդմամբ, ուկրաինական բանակը երկրի հարավում ազատագրել է մի քանի բնակավայր
Ուկրաինական բանակը մի քանի բնակավայր է ազատագրել երկրի հարավում։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ազատագրված տարածքների մասին տեղեկությունը կհայտարարվի ավելի ուշ՝ օկուպանտների կողմից զանգվածային ռմբակոծություններից խուսափելու համար։
Ուկրաինական բանակի գլխավոր շտաբի տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները Դոնեցկի և Յուժնոբուգի ուղղությամբ ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժի զգալի քանակություն։
Բացի այդ, ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ի պաշտպանություն ցամաքային խմբերի գործողությունների՝ Ուկրաինայի ավիացիան հասցրել է մինչև 10 հարված, որոնց ընթացքում ոչնչացվել են ռուսական զինտեխնիկա և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Անցած օրվա ընթացքում ռուս զինվորականները Ռուսաստանի տարածքից 140 ական և արկ են արձակել Սումիի շրջանի սահմանամերձ մի քանի համայնքների ուղղությամբ։
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ռուսական ռազմավարական ավիացիան Կասպից ծովի հյուսիսային հատվածից արձակված հրթիռով ռմբակոծել է ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքը։ Ռմբակոծության հետևանքով նավթի պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել։