Լրատվամիջոցների հաղորդմամբ, Թել Ավիվում անցկացված հակակառավարական ցույցի մասնակիցների նկատմամբ  ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Թել Ավիվում անցկացված հակակառավարական ցույցի մասնակիցների նկատմամբ  ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իսրայելի ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել Թել Ավիվում անցկացված հակակառավարական ցույցի մասնակիցների դեմ։

Ինչպես գրում է «Times of Israel»-ը, հազարավոր քաղաքացիներ բողոքի հերթական ցույցն են անցկացրել և Իսրայելի կառավարությունից պահանջել ազատ արձակել «Համաս»-ի կողմից գերեվարված պատանդներին և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ այն բանից հետո, երբ նրանք արգելափակել են երթևեկությունը և մեծ խարույկ վառել մայրուղու վրա։ Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ցուցարարների։

Հակակառավարական ցույցեր են անցկացվել նաև Իսրայելի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Երուսաղեմում, Կեսարիայում և Հայֆայում։ Իսրայելում ցույցերը կշարունակվեն այսօր։ Հանրահավաքները համընկնում են Գազայի հատվածում պատերազմի մեկնարկի իննամսյա տարեդարձի հետ։

Տեղեկության համար ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հայտնել էր, որ «Համաս» խմբավորումը համաձայնել է ԱՄՆ-ի ներկայացրած առաջարկին, որը նախատեսում է բանակցություններ վարել իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համար։ Ենթադրվում է, որ այդ գործընթացը կսկսվի Գազայի հատվածում հրադադարի ժամանակավոր ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո։