Լրատվամիջոցների հաղորդմամբ Իսպանիան պատրաստ է Ուկրաինային տանկեր և զենիթահրթիռային համակարգեր մատակարարել
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Իսպանիան պատրաստ է Ուկրաինային տանկեր և զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։ Այս մասին գրում է «El Pais»-ը՝ հիմնվելով Իսպանիայի կառավարությունում սեփական աղբյուրի վրա։
Ըստ լրատվամիջոցի՝ Իսպանիայի կառավարությունը պատրաստ է թռիչք կատարել Ուկրաինային ռազմական աջակցության ուղղությամբ, և եթե մինչ այժմ մատակարարում էր միայն զինամթերք, պաշտպանիչ սարքավորումներ և թեթև սպառազինություն, ապա արդեն նախատեսվում է ծանր սպառազինություն մատակարարել։
Ըստ հրապարակման՝ Իսպանիայի ՊՆ-ն արդեն ծրագրում է Կիևին մատակարարել Շորադ Ասպիդ զենիթահրթիռային համալիր՝ փոքր հեռահարության կրակոցների համար, որը փոխարինվել է իսպանական պաշտպանության մեկ այլ՝ ավելի կատարելագործված համակարգով։
El Pais-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի կառավարությունը պատրաստ է նաև Ուկրաինային մատակարարել Leopard A4 մարտական տանկեր, որոնք տեղակայված են Սարագոսայի ռազմաբազայում և վերանորոգման կարիք ունեն։ Ըստ աղբյուրների՝ հնարավոր է վերանորոգել մոտ 40 տանկ և տեղափոխել Ուկրաինա։ Բացի այդ, Իսպանիան նաև առաջարկել է Ուկրաինային ռազմական ուսուցում այս մարտական տանկերի կառավարման համար։ Ուկրաինացի զինվորականները նախ կմարզվեն Լատվիայում, որտեղ Իսպանիան ունի 500 հոգանոց կոնտինգենտ, ապա կշարունակեն Իսպանիայում։
Հրատարակության համաձայն՝ վերոնշյալ զենքի առաքումը և ուկրաինացի զինվորների վերապատրաստումը, ապրիլին Կիև կատարած այցի ժամանակ որոշել է Իսպանիայի վարչապետը։