Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պակիստանում գտնվող «Ջեյշ ալ Զուլմ» ահաբեկչական խմբավորման երկու կարեւոր կենտրոնակայաններ իրանական ավիահարվածների թիրախ են դարձել
Պակիստանում գտնվող «Ջեյշ ալ-Զուլմ» ահաբեկչական խմբավորման երկու կարեւոր կենտրոնակայաններ իրանական ավիահարվածների թիրախ են դարձել։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ հրթիռների և անօդաչու սարքերի համակարգված հարձակման արդյունքում երկու շտաբներն էլ ամբողջությամբ ոչնչացվել են։
Իրանական լրատվամիջոցները գրում են, որ այն տարածքը, որն այսօր եղել է Պակիստանում Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռային գործողությունների թիրախը, կոչվում է «Կանաչ լեռ»։
«Պակիստանի կենտրոնական կառավարությունը լիարժեք վերահսկողություն չունի այս լեռնային շրջանի վրա, և ահաբեկչական խմբավորումներն օգտագործում են անվտանգության առկա վակուումը ուսումնական բազաներ, պարագաներ և ահաբեկչական տեխնիկա պատրաստելու համար»,- գրում են իրանական լրատվամիջոցները։
Օդային հարձակումը դատապարտվել է Պակիստանի կառավարության կողմից, իսկ Իրանին սպառնացել են լուրջ հետևանքներ։
Պակիստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Իրանի կողմից նրանց օդային տարածքը խախտելու հետեւանքով երկու երեխա է զոհվել։