Լլոյդ Օսթինը ասում է, որ ԱՄՆ-ը վերջին շաբաթների ընթացքում երկրորդ անգամ հարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում գտնվող զենքի պահեստին
Միացյալ Նահանգները վերջին շաբաթների ընթացքում երկրորդ անգամ հարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում գտնվող զենքի պահեստին։ Այս մասին ասված է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հայտարարության մեջ։
Պենտագոնի տվյալներով՝ զենքի պահեստարաններն օգտագործվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և հարակից խմբերի կողմից։ Հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են ամերիկյան երկու F-15 կործանիչների կողմից և եղել են ի պատասխան վերջին հարձակումներին ամերիկյան ուժերի վրա։
Օսթինը նաև ասել է, որ ամերիկյան զորքերի դեմ հարձակումները պետք է դադարեցվեն։
«Եթե Իրանի խամաճիկային ուժերը շարունակեն հարձակումները ամերիկյան ուժերի վրա, մենք չենք վարանի ձեռնարկել անհրաժեշտ հետագա միջոցներ՝ մեր ժողովրդին պաշտպանելու համար», – ասվում է հայտարարության մեջ: