Լիտվայի պաշտպանության նախարարն հայտարարել է, որ Լիտվան պատրաստ է քննարկել իր տարածքում ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Լիտվան պատրաստ է իր երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենք տեղակայել։ Այս մասին գրում է «Դոյչե Վելեն»։
Ինչպես հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեն, Լիտվան պատրաստ է քննարկել սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը, եթե ՆԱՏՕ-ի դաշնակիցները միջուկային զենքի տեղակայման առաջարկով հանդես գան։
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է գնահատել հանրապետության սահմանադրության 137-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, եթե մեր դաշնակիցները մեզ որոշակի իրական ծրագրեր առաջարկեն Լիտվայում միջուկային զենքի կամ դրա բաղադրիչների տեղակայման վերաբերյալ, ինչպես նաև վերանայել այլ պարտավորությունները»,- հայտարարել է Շակալենեն։
Լիտվայի սահմանադրության 137-րդ հոդվածը արգելում է այս երկրի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի և օտարերկրյա ռազմական բազաների տեղակայումը։ Միևնույն ժամանակ, միջուկային զենքի տեղակայման առաջարկ Վիլնյուսին դեռևս չի արվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան «Ֆայնենշալ Թայմս»-ին տված հարցազրույցում Վաշինգտոնին կոչ էր արել տեղակայել միջուկային զենք Արևելյան Եվրոպայում։
«ՆԱՏՕ-ի սահմանները 1999 թվականին տեղափոխվեցին դեպի արևելք, ուստի 26 տարի անց պետք է տեղի ունենա նաև ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղափոխում դեպի արևելք։ Կարծում եմ, որ ժամանակը եկել է, և դա ոչ միայն անհրաժեշտ է, այլև ավելի անվտանգ կլինի, եթե այս զենքն արդեն այստեղ լինի»,- հայտարարել է Դուդան։
Դուդան նաև նշել է, որ արդեն քննարկել է այս հարցը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Կիտ Քելոգի հետ։