Լիտվայի արտաքին գործերի նախարարը կարծում է, որ Ուկրաինա դաշնակիցների ցամաքային զորքեր տեղակայելու մասին Էմանուել Մակրոնի գաղափարը քննարկման է արժանի
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գաղափարը դաշնակիցների ցամաքային զորքեր Ուկրաինա տեղակայելու վերաբերյալ քննարկման արժանի է։
«Եվրոպայի ճակատագիրը որոշվում է Ուկրաինայի մարտի դաշտում։ Նման ժամանակներում, որում մենք ապրում ենք, քաղաքական առաջնորդությունը, փառասիրությունը և ոչ ավանդական մտածողությունը շատ են անհրաժեշտ: Երեկ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ հնչած նախաձեռնությունն արժանի է ուշադրության»,- գրել է Լանդսբերգիսը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ Փարիզում կայացած համաժողովում առաջնորդները քննարկել են արևմտյան երկրների ցամաքային ուժերը Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը, սակայն չեն կարողացել կոնսենսուսի գալ այս հարցում։ Ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն խորհրդարանում քննարկման ժամանակ ասաց, որ ֆրանսիացի զինվորականները չեն ներգրավվի Ուկրաինայում մարտական գործողություններին, թեև նրանք կարող են այլ դեր խաղալ։