Լիտվան Վրաստանին ուղարկել է բժշկական նշանակության մարդասիրական օգնություն
Մայիսի 13-ին Լիտվայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևան Ղվաչլիանին մասնակցել է Լիտվայի կառավարության կողմից համավարակի դեմ պայքարի նպատակով Վրաստանին հատկացված բժշկական նշանակության մարդասիրական օգնությունը Լիտվայից Վրաստան ուղարկելու արարողությանը:
Մայիսի 14-ին, Վրաստանի, Մոլդովայի և Հայաստանի համար սահմանված մարդասիրական բեռի փոխադրումն իրականացվելու է Լիտվայի օդային ուժերի ինքնաթիռով:
«Նշված մարդասիրական օգնությունը Լիտվայի կողմից Վրաստանին աջակցության և երկու երկրների միջև սերտ գործընկերային հարաբերությունների ևս մեկ հստակ օրինակ է: Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Լիտվայի արտաքին գործերի նախարարությանը, Լիտվայի պաշտպանության նախարարությանը և Լիտվայի կառավարությանը՝ ցուցաբերած համերաշխության և աջակցության համար»,- հայտարարում են Լիտվայում Վրաստանի դեսպանությունում: