Լևան Մգալոբլիշվիլին հարգանքի տուրք է մատուցել Գագրայի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին
Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Լևան Մգալոբլիշվիլին Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահ Ջեմալ Գամախարիայի և Աբխազիայի կառավարության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Գագրայի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարությունից։
«Այսօր Գագրայի անկման օրն է։ Մեկ անգամ ևս հիշում և հարգում ենք 1992 թվականին Գագրայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակը։ Մեր պարտքն է հիշել հերոսներին և անել ամեն ինչ նրանց անունները հավերժացնելու համար»,- ասել է Լևան Մգալոբլիշվիլին։
«Գագրայի անկման օրվա կապակցությամբ կառավարության նախագահը Հերոսների հրապարակում ծաղիկներով զարդարել է նաև Վրաստանի առաջին ազգային հերոս Ժիուլի Շարտավայի և ազգային հերոս գեներալ-մայոր Գենո Ադամիայի կիսանդրիները։ Հերոսների հուշահամալիրում ներկա են եղել Աբխազիայի կառավարության ներկայացուցիչներ և Գերագույն խորհրդի պատգամավորներ»,- ասվում է գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ։