Լևան Իոսելիանին հայտարարում է, որ քրեակատարողական հիմնարկի տեսանյութի ուսումնասիրության արդյունքում դատապարտյալ Գիորգի Դավիթաձեի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն արտացոլող ապացույցներ չեն գտել

16:17, 02.10.2026

Վրաստանի ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարում է, որ դատապարտյալ Գիորգի Դավիթաձեի դիմումի օրն ևեթ ուսումնասիրել են քրեակատարողական հիմնարկում նկարահանված տեսանյութը և դրանում ոչ պատշաճ վերաբերմունքն արտացոլող ապացույց չեն գտել:

Նրա խոսքով՝ դատապարտյալը մատնանշում էր նաև ուղեկցորդների (բադրագի) կողմից վիրավորանքներն ու հայհոյանքները, և դրա հետ կապված դիմել են դատախազություն, ինչից հետո դատախազությունը քննություն է սկսել:

«Դատապարտյալ Դավիթաձեն դեկտեմբերի 20-21-ի միջադեպի հետ կապված մեզ դիմել է դեկտեմբերի 26-ին: Ինչպես ինքն էր պարզաբանում, ենթադրաբար, իր նկատմամբ տեղի է ունեցել ոչ պատշաճ վերաբերմունք, այդ թվում՝ բռնաբարության սպառնալիք: Նույն օրը մենք ամբողջությամբ ուսումնասիրել ենք ինչպես դեկտեմբերի 20-ի, այնպես էլ 21-ի նյութերը քրեակատարողական հիմնարկում, և նմանօրինակ արարքն արտացոլող ապացույց չի հայտնաբերվել: Բացի այդ, նա պարբերաբար մեզ դիմել է նաև այլ հարցերով, այդ թվում՝ հունիսին, ևս մեկ անգամ խոսել է սեռական բնույթի հանցագործության մասին: Մեր կողմից արդեն իսկ ուսումնասիրված էր այդ ժամանակահատվածը, և նա նույն ժամանակահատվածն էր մատնանշում, հետևաբար, փաստաբանի ներկայությամբ նրան պարզաբանվեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվել Ժողովրդական պաշտպանի և նրա ապարատի կողմից, ինչ է տեսնվել, և այդ ժամանակահատվածում ոչ նրա փաստաբանը, ոչ ինքը մեր նկատմամբ որևէ տեսակի բողոք չեն հայտնել: Նա նաև մատնանշում էր ուղեկցորդների կողմից վիրավորանքները, հայհոյանքները, և դրա հետ կապված մենք դիմեցինք դատախազությանը, և դատախազությունը քննություն սկսեց»,- նշել է Լևան Իոսելիանին:

Ի գիտություն՝ Հատուկ քրեակատարողական ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել դատապարտյալ Գիորգի Դավիթաձեի վերաբերյալ: Ինչպես նշված է հայտարարության մեջ, սուտ է տեղեկատվությունը, թե իբր №6 քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աշխատակիցների կողմից նրա նկատմամբ սեռական բռնություն է կիրառվել: Բացի այդ, հայտարարությունից հետո Հատուկ քրեակատարողական ծառայությունը տարածել է նաև 2025 թվականի դեկտեմբերի 21-ին դատապարտյալ Գիորգի Դավիթաձեին դեէսկալացիոն խցիկ տեղափոխելու և այնտեղ գտնվելն արտացոլող տեսանյութերը:

Նմանատիպ