Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ
Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է ԵՄ նոր դեսպան Պավել Հերչինսկու հետ։ Հանդիպմանը, որը ճանաչողական բնույթի էր, ներկա էր նաև փոխնախարար Գենադի Արվելաձեն։
Հանդիպմանը կողմերը դրական են գնահատել Վրաստանի և Եվրամիության միջև տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան հատկապես Ասոցացման համաձայնագրի իրականացման ուղղությամբ։ Նշվել է, որ Վրաստանը հաջողությամբ կատարում է համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ինչը դրականորեն է ազդում ԵՄ երկրների հետ Վրաստանի առևտրատնտեսական կապերի խորացման վրա։
Փոխվարչապետը շնորհավորել է ԵՄ նոր դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջող աշխատանք նոր պաշտոնում։ Նա հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Վրաստանի ինտեգրումը եվրոպական կառույցներին էլ ավելի կաճի։
Լևան Դավիթաշվիլին հյուրին ներկայացրել է Վրաստանի տնտեսական միտումները, ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները, որոնք ապահովում են երկրի տնտեսության կայուն զարգացումը։ Հատուկ շեշտադրվել է Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի (DCFTA) շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային նշանակության նախագծեր, որոնք իրականացվում են Վրաստանի նախաձեռնությամբ և ուղղված են հարավկովկասյան միջանցքով եվրոպական և ասիական շուկաների միացմանը։
Քննարկվել է նաև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցությունը։
Կողմերը դրական են գնահատել նաև EU4DIGITAL նախաձեռնության շրջանակներում համագործակցությունը, որն ուղղված է Վրաստանում թվային տնտեսության զարգացմանը։ Նշվել է, որ Վրաստանի կառավարության առաջնահերթ ուղղությունը տարածաշրջանի թվային սպասարկման կենտրոն դառնալն է։ Այդ նպատակով դիտարկվում է երկրում թվային հանգույցի ստեղծումը և միջազգային ներդրումների ներգրավումը Եվրոպա-Ասիա կապող թվային միջանցքում, որի մաս է կազմում Վրաստանը։
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։