Լևան Դավիթաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ
Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև փոխնախարարներ Մարիամ Քվրիվիշվիլին և Իրակլի Նադարեիշվիլին։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև ընթացիկ և ապագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։
«Վրաստանի զբոսաշրջության ոլորտի վերականգնման դինամիկան, որն ամենաբարձրներից է տարածաշրջանում, դրական է գնահատվել։ Նշվել է, որ 2022 թվականի անցած ժամանակահատվածում զբոսաշրջությունից ստացված եկամուտները հասել են ռեկորդային մակարդակի՝ 20.4%-ով գերազանցելով 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը և կազմել 476.1 մլն. դոլար։ Ասվեց, որ ոլորտում առկա դրական միտումները պայմանավորված են Վրաստանի կառավարության տնտեսական քաղաքականությամբ, ինչպես նաև Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության և Զբոսաշրջության ազգային վարչության արդյունավետ գործունեությամբ պոտենցիալ թիրախային շուկաներում: Զրույցի ընթացքում շոշափվել է նաև Վրաստանի զբոսաշրջության ոլորտում զբաղված անձնակազմի որակավորման բարձրացման և այդ ուղղությամբ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից աջակցության հնարավորության հարցը»,- նշել են գերատեսչությունում։