Լևան Դավիթաշվիլի. ԵՄ-ին մեր անդամակցության ճանապարհի վերաբերյալ շատ սպեկուլյացիաներ կան, սակայն մեր քաղաքականության մեջ իրական փոփոխություն տեղի չի ունեցել
«ԵՄ-ին մեր անդամակցության ճանապարհի վերաբերյալ շատ սպեկուլյացիաներ կան, սակայն մեր քաղաքականության մեջ իրական փոփոխություն տեղի չի ունեցել», – այս մասին «Եվրոնյուզին» տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
«Մենք ունենք միակ քաղաքականությունը, որը նախատեսում է կառավարության կողմից պաշտոնապես հաստատված ինտեգրման օրակարգը։ Այս օրակարգի իրագործմանն ուղղված են բոլոր պետական մարմինները, նախարարությունները և գործակալությունները», – նշել է Լևան Դավիթաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը համակարգում է խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքի համաձայնագրի (DCFTA) իրականացման օրակարգը, որը բավական լայնածավալ է։
«Մենք արդեն կատարել ենք պահանջների մոտ 60%-ը։ Ակտիվորեն իրականացնում ենք կարևոր ռեֆորմներ տնտեսությունում և տարբեր ոլորտներում՝ ներառյալ տրանսպորտը, էներգետիկան, առևտուրը և այլն։ Սա առաջնահերթ օրակարգ է, որը մնում է մեր գերակայություններից։ Մենք լիովին կենտրոնացած ենք DCFTA-ի իրականացման և ինտեգրման քաղաքականության վրա։ Մենք հստակ հայտարարել ենք, որ մեր նպատակն է մինչ 2030 թվականը դառնալ ԵՄ լիարժեք անդամ։ Մենք հասկանում ենք, որ սա երկարատև գործընթաց է, բայց լիովին նպատակաուղղված ենք այս կարևոր ռեֆորմի իրականացմանը։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս ռեֆորմներին, և գործընթացն ակտիվորեն ընթանում է», – ընդգծել է առաջին փոխվարչապետը։