Լևան Դավիթաշվիլի - Խորվաթիայի փորձն իսկապես օգտակար կլինի Վրաստանի եվրաինտեգրման համար
Վրաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որի շրջանակներում երկու երկրների միջև կստեղծվեն տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովներ։
Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի և Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի երկկողմ հանդիպումից հետո։
Փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ համաձայնագիրը կնպաստի երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը։
«Համատեղ հանձնաժողովների շրջանակներում մենք կկարողանանք պաշտոնապես որոշել այն առաջնահերթությունները, որոնք ունեն երկու երկրները տնտեսական համագործակցության առումով։ Կարծում եմ՝ դա կխորացնի մեր և Խորվաթիայի հարաբերությունները, կօգնի մեծացնել ապրանքաշրջանառությունը և համագործակցությունը տնտեսական տարբեր ուղղություններով»,- ասել է Լևան Դավիթաշվիլին։
Փոխվարչապետը կենտրոնացել է նաև Խորվաթիայի կողմից փորձի փոխանակման վրա։
«Խորվաթիան Եվրամիության լիիրավ անդամ է՝ ներառյալ Եվրոգոտու և Շենգենի։ Այսպիսով, Խորվաթիայի փորձն իսկապես օգտակար կլինի Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին»-, ասել է փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին։
Հանդիպումն ու ստորագրումը տեղի է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունում, Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի Վրաստան կատարած այցի շրջանակներում։ Հանդիպմանը դրական է գնահատվել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության բացումը, որն էլ ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերությունները։