Լևան Դավիթաշվիլի. Մենք ակնկալում ենք, որ մինչև այս ամսվա վերջ վառելիքի գները կնվազեն
Լևան Դավիթաշվիլի. Մենք ակնկալում ենք, որ մինչև այս ամսվա վերջ վառելիքի գները կնվազեն

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման ու ֆինանսների նախարարներ Լևան Դավիթաշվիլին և Լաշա Խուցիշվիլին այսօր հանդիպել են վառելիքի վաճառքով զբաղվող խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ։

Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել է նավթամթերքների սպառողական շուկայում տիրող իրավիճակը։

Էկոնոմիկայի նախարարությունում կայացած հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ազգային մրցակցության գործակալության ղեկավար Իրակլի Լեքվինաձեն, քննարկվել են վառելիքի շուկայի կանխատեսումները, մրցակցային խնդիրները։ Լևան Դավիթաշվիլիի և Լաշա Խուցիշվիլիի հանդիպումները ցանցային ընկերությունների ներկայացուցիչների հետ վառելիքի գների վերաբերյալ տեղի են ունենում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրահանգով։

Լևան Դավիթաշվիլիի խոսքով, կառավարությունը մասնավոր հատվածի հետ միասին ակտիվ աշխատում է և դիտարկում գների նվազեցման առավելագույն հնարավորությունները։

Հանդիպմանը մրցակցային գործակալության ղեկավար Իրակլի Լեքվինաձեն ներկայացրել է նավթամթերքների շուկայի մոնիտորինգի արդյունքները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։