Լևան Դավիթաշվիլի. ԱՄՆ-ի նոր վարչակազմի ղեկավարության մեջ կա շատ հստակ դիրքորոշում, որ ռազմավարական համագործակցությունը ոչ միայն պետք է շարունակվի, այլև էլ ավելի խորանա և անցնի նոր փուլ
Լևան Դավիթաշվիլի. ԱՄՆ-ի նոր վարչակազմի ղեկավարության մեջ կա շատ հստակ դիրքորոշում, որ ռազմավարական համագործակցությունը ոչ միայն պետք է շարունակվի, այլև էլ ավելի խորանա և անցնի նոր փուլ

ԱՄՆ-ի նոր վարչակազմի ղեկավարության մեջ կա շատ հստակ դիրքորոշում, որ այս ռազմավարական համագործակցությունը պետք է ոչ միայն շարունակվի, այլ նաև էլ ավելի խորանա և որակապես ու էապես նոր փուլ տեղափոխվի, – այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին ԱՄՆ այցի ընթացքում։

Փոխվարչապետի խոսքով՝ համագործակցության նոր փուլ անցնելը շահավետ կլինի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Վրաստանի համար։

«Կա շատ հստակ դիրքորոշում նոր վարչակազմի ղեկավարության կողմից, որ այս ռազմավարական համագործակցությունը ոչ թե պարզապես պետք է շարունակվի, այլ պետք է էլ ավելի խորանա և որակապես ու էապես նոր մակարդակի բարձրանա, ինչը փաստացի ձեռնտու կլինի երկու երկրների համար», – նշել է առաջին փոխվարչապետը։

Լևան Դավիթաշվիլին, Սպիտակ տանը՝ Ազգային անվտանգության խորհրդում ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի և Եվրոպայի հետ հարաբերությունների հարցերով ավագ տնօրենի Էնդրյու Փիքի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ հանդիպումը եղել է առանձնահատուկ և շատ կարևոր։

«Շատ կարևոր էր նոր վարչակազմի հետ քննարկել այն առաջնահերթությունները, որոնք ունի «Վրացական երազանքի» իշխանությունը ттև որոնք լիովին համընկնում են նախագահ Թրամփի տեսլականին։ Կարծում եմ, որ, հաշվի առնելով դիրքորոշումների այս սերտ համընկնումը, համագործակցության հեռանկարները շատ են։ Մենք խոսեցինք այն հնարավորությունների մասին, որոնք կարող են ստեղծվել նոր վարչակազմի պայմաններում մեր երկու երկրների համար», – նշել է առաջին փոխվարչապետը հանդիպման ավարտից հետո։

ԱՄՆ-ում այցի շրջանակում առաջին փոխվարչապետը հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ Պետդեպարտամենտում, Առևտրի և Գանձապետարանի դեպարտամենտներում, Առևտրային ներկայացուցչի գրասենյակում, ինչպես նաև ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։