Լենինգրադի մարզի Կիրիշի նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել
Լենինգրադի մարզի Կիրիշի նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել

Ռուսաստանում, Լենինգրադի մարզի Կիրիշի նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։ Համապատասխան տեղեկատվությունը տարածվել է ռուսական Telegram ալիքներով։

Ավելի ուշ մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտարարել է, որ Կիրիշ քաղաքում խփվել է երեք անօդաչու թռչող սարք։ Նահանգապետի խոսքով՝ նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհը բռնկվել է անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով։ Դրոզդենկոյի խոսքով՝ ոչ ոք չի տուժել, հրդեհը մարվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նրանք խփել են 80 անօդաչու թռչող սարք տարբեր շրջանների վրայով, որոնցից ամենամեծ թիվը՝ 30 անօդաչու թռչող սարք, խփվել է Բրյանսկի մարզում։ 15 անօդաչու թռչող սարք է խփվել օկուպացված Ղրիմում։

Կիրիշի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկն է։