«Լենդ լիզի» ակտը Ուկրաինայից բացի նախատեսում է զենքի պարզեցված մատակարարում Արևելյան Եվրոպայի երկրներին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրված «Ուկրաինայի ժողովրդավարության պաշտպանության Լենդ լիզի ակտը», Ուկրաինայից բացի, նախատեսում է զենքի պարզեցված մատակարարում Արևելյան Եվրոպայի երկրներին։
Փաստաթղթի համաձայն՝ 2022-2023 ֆինանսական տարիներին նախագահը կարող է լիազորել ԱՄՆ-ի կառավարությանը ժամանակավորապես օգտագործել կամ վարձակալել պաշտպանական օբյեկտները Ուկրաինայի կառավարությանը կամ Արևելյան Եվրոպայի երկրներին, որոնք տուժել են Ուկրաինայում ռուսական միջամտությունից՝ օգնելու ամրապնդել նրանց պաշտպանունակությունը և քաղաքացիական կարողությունները: Պաշտպանել բնակչությանը ռուսական ուժերի հնարավոր միջամտությունից կամ շարունակվող ագրեսիայից:
Ջո Բայդենի կողմից ստորագրված «Լենդ լիզի» ակտը նախատեսում է առանց բյուրոկրատական ընթացակարգերի Ուկրաինա զենքի արագ և հեշտ առաքում: Կոնգրեսը օրինագիծը հաստատել է ապրիլի 28-ին։
«Լենդ լիզ» ծրագիրը Միացյալ Նահանգների կողմից կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, նացիստական Գերմանիայի դեմ պայքարում ներգրավված երկրներին աջակցելու համար: «Լենդ լիզի» ակտը հաստատվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից 1941 թվականին և ստորագրվել նախագահ Ռուզվելտի կողմից։ «Լենդ լիզի» միջոցով ԱՄՆ-ը կարողացավ օգնություն տրամադրել նացիստական Գերմանիայի դեմ պայքարում ներգրավված երկրներին՝ առանց բարդ բյուրոկրատական խոչընդոտների: