Լեհաստանի Սեյմը Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ բանաձեւ է ընդունել
Լեհաստանի Սեյմը Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ բանաձեւ է ընդունել

Լեհաստանի Սեյմը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում միջազգային հանրությանը փրկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կյանքն ու առողջությունը։

Այս մասին տեղեկությունը տարածում են լեհական լրատվամիջոցները։

Բանաձեւը կոչ է անում Վրաստանի իշխանություններին անհապաղ թույլ տալ Միխեիլ Սաակաշվիլիին՝ անհրաժեշտ բուժում անցնել։

Բանաձեւի նախագիծը ներկայացրել է Սեյմի նախագահությունը եւ ընթերցել Սեյմի փոխնախագահ Մալգոժատա Գոշեւսկան։ Բանաձեւին կողմ է քվեարկել 438, դեմ՝ ութ, ձեռնպահ՝ մեկը։

Պատգամավորները նշել են, որ տեղեկություններ կան Միխեիլ Սաակաշվիլիի առողջական դրամատիկ վիճակի մասին, այդ թվում՝ բժշկական ախտորոշումներ, որոնք հաստատում են նրա առողջության կտրուկ վատթարացումը։ Փաստաթղթում նշվում է, որ բժշկի հանձնարարականով Միխեիլ Սաակաշվիլին անհապաղ մասնագիտացված բուժման կարիք ունի, ինչը անհնար է Վրաստանում համապատասխան բուժհաստատությունների բացակայության պատճառով։

Լեհ քաղաքական գործիչները նշում են Միխեիլ Սաակաշվիլիի զգալի ներդրումը վրացիների եվրոպամետ տրամադրությունների ձևավորման գործում, ինչի արդյունքում Վրաստանի կառավարությունը 2022 թվականին Եվրամիությանն անդամակցելու դիմում ներկայացրեց։

Նաև, ինչպես նշված է բանաձևում, Սաակաշվիլին նշում է, որ բուժումից և վերականգնումից հետո պատրաստ է վերադառնալ երկիր և ներկայանալ դատարան։

«Լեհաստանի Հանրապետության Սեյմը կոչ է անում Վրաստանի իշխանություններին առաջնորդվել հումանիզմի ընդհանուր սկզբունքներով, ըստ որոնց՝ մարդու կյանքի և առողջության իրավունքը բարձրագույն արժեք է, և կոչ է անում, համաձայն բժիշկների հանձնարարականի, անհապաղ Միխեիլ Սաակաշվիլիին ապահովել համաշխարհային չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ մասնագիտացված բուժում։ Նա նաև կոչ է անում Վրաստանի բարեկամների միջազգային հանրությանը համերաշխության և հաստատակամ գործողություններ իրականացնել՝ Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը և առողջությունը փրկելու համար»,- ասված է բանաձևում։