Լեհաստանի պաշտպանության նախարարությունում հաստատում են Ուկրաինային ամերիկյան զինամթերքի մատակարարման վերականգնումը
Լեհաստանի պաշտպանության նախարարությունում հաստատում են Ուկրաինային ամերիկյան զինամթերքի մատակարարման վերականգնումը։ Այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պավել Զալևսկին։
«Ամերիկյան զենքի տեղափոխումը Յասիոնկայի ռազմական հանգույցից Ուկրաինա վերականգնվել է», – գրել է նա։
Յասիոնկան հանդիսանում է Լեհաստանից Ուկրաինա արևմտյան զենքի և ռազմական պարագաների տեղափոխման հիմնական կետը։
Նախկինում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան հաստատել էր ամերիկյան ռազմական օգնության վերականգնումը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ից անվտանգության ոլորտում օգնությունը վերականգնվել է։
Միաժամանակ, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ վերականգնվել է նաև Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը։
ԱՄՆ-ն վերականգնել է Ուկրաինային ռազմական օգնությունը և հետախուզական տվյալների փոխանակումը՝ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների արդյունքում։
Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի ռազմական օգնության դադարեցման մասին հայտնի դարձավ մարտի 3-ին՝ այն բանից հետո, երբ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև բանավեճ տեղի ունեցավ։