Լեհաստանի նախագահի թեկնածու Կարոլ Նավրոցկին հանդիպել է Դոնալդ Թրամփին

12:47, 02.05.2025

Լեհաստանի նախագահի թեկնածու Կարոլ Նավրոցկին, որը վայելում է «Օրինականություն և արդարություն» կուսակցության աջակցությունը, հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Օվալաձեւ աշխատասենյակում։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը։

Ինչպես գրում է մեդիան, ընդդիմադիր «Օրինականություն և արդարություն» (PiS) կուսակցությունը, որն աջակցում է Նավրոցկիին, Թրամփի ուժեղ համախոհ է։

Սպիտակ Տունը սոցիալական ցանցերում հրապարակել է Օվալաձեւ աշխատասենյակում Թրամփի և Նավրոցկու հանդիպման լուսանկարներ, որոնցում պատկերված են ձեռքսեղմման պահերը։

«Նախագահ Թրամփն ասաց ինձ՝ դու կհաղթես», – հայտնել է Նավրոցկին լեհական մեդիային։

Հարցման համաձայն՝ Կարոլ Նավրոցկին երկրորդ տեղում է, և, ամենայն հավանականությամբ, եթե առաջին փուլում նախագահի թեկնածուները չհավաքեն ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա երկրորդ փուլում Նավրոցկին կհանդիպի իշխող կոալիցիայի թեկնածու Ռաֆալ Տշասկովսկիի հետ։

Հիշեցնենք, որ Լեհաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա մայիսի 18-ին։

Նմանատիպ