Լեհաստանի կառավարությունը համաձայնության է եկել փոխադրողների հետ, որոնք նոյեմբերից արգելափակել են մի քանի անցակետեր Ուկրաինայի հետ սահմանին
Լեհաստանի կառավարությունը համաձայնության է եկել փոխադրողների հետ, որոնք նոյեմբերից արգելափակել են մի քանի անցակետեր Ուկրաինայի հետ սահմանին։ Ըստ պայմանավորվածության՝ բեռնատարների վարորդները կդադարեցնեն բողոքի ակցիաները մինչև մարտի 1-ը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հենվելով Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարի վրա։
Լեհ վարորդները Եվրամիությունից պահանջում են վերականգնել ԵՄ տարածքում ուկրաինական ընկերությունների, իսկ եվրոպացի վարորդների՝ Ուկրաինայում աշխատելու թույլտվությունների համակարգը։
Ենթակառուցվածքների նախարար Դարիուշ Կլիմշակի խոսքով՝ բեռնատարների վարորդների հետ բանակցությունները կշարունակվեն։
«Մենք պայմանավորվել ենք որոշակի պայմանների շուրջ։ Մենք կառավարությանը ժամանակ կտանք աշխատելու, քանի որ սա նոր կառավարություն է»,- ասաց վարորդների արհմիության ներկայացուցիչ Տոմաշ Բորկովսկին։
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ ցանկացած պահի կվերսկսեն սահմանային անցակետերի շրջափակումը, եթե համաձայնագրի պայմաններն ամբողջությամբ չկատարվեն։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, համաձայնագիրը նախատեսում է վարորդների վիճակը մեղմելու համար Լեհաստանի և Ուկրաինայի համատեղ մշակած պլանի կատարման մոնիտորինգ, ինչպես նաև բանակցություններ Եվրահանձնաժողովի հետ տրանսպորտային ընկերություններին ֆինանսական աջակցության հարցով։ Ինչպես նաև, համաձայն պայմանագրի, պետք է խստացվի ուկրաինական բեռնատարների ստուգումը։