Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու համար Լուբլինի շրջան կուղարկի «Abrams» տեսակի տանկեր և «Patriot» տեսակի համակարգեր
Լեհաստանը ծրագրում է ամրապնդել Ուկրաինայի հետ սահմանը և Լուբլինի շրջան կուղարկի «Abrams» տեսակի տանկեր ու «Patriot» տեսակի համակարգեր։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Մի քանի շաբաթ առաջ որոշում եմ կայացրել Լուբլինի շրջանում «Patriot» մարտկոցներ տեղակայելու մասին։ Նախատեսում եմ այցելել այնտեղ տեղակայված զինվորականներին, որոնք ապահովում են շրջանի պաշտպանությունը։ Սա առաջին դեպքն է, երբ «Patriot» մարտկոցները տեղակայվում են Լուբլինի շրջանում»,- հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով՝ որոշում է կայացվել նաև Լեհաստանի զինված ուժերի ստորաբաժանումների ընդլայնման մասին։ Մասնավորապես, կստեղծվի նոր մեքենայացված բրիգադ, անօդաչու թռչող համակարգերի գումարտակ և «Patriot» համակարգով հագեցած հակաօդային պաշտպանության լրացուցիչ ստորաբաժանում։
Լեհաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ այս միջոցառումները էապես կամրապնդեն շրջանի պաշտպանունակությունը։