Լեւան Դավիթաշվիլի - Գարդաբանիում 350-430 ՄՎտ հզորությամբ համակցված ցիկլով ջերմաէլեկտրակայանը կկառուցի մասնավոր ներդրողը
Մասնավոր ներդրողը Գարդաբանիում կկառուցի 350-430 ՄՎտ հզորությամբ համակցված ցիկլով ջերմաէլեկտրակայան, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում ասել է փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
«Մեզ ձեռնտու է, որ նոր ՋԷԿ-ի կառուցումը լինի հնարավորինս արդյունավետ։ Սա կնպաստի մեր էներգետիկ համակարգի կայունությանը։ Երբ մենք խոսում ենք վերականգնվող էներգիայի նախագծերի մասին, դրանց ինտեգրումը ցանցին հաճախ անհնար է, քանի որ մենք չունենք էներգիայի կայուն աղբյուրներից համապատասխան հզորություններ: Նշված «Գարդաբանի» նախագիծը նույնպես կօգնի մեզ այս ուղղությամբ՝ ցանցին ինտեգրելու ավելի շատ վերականգնվող էներգետիկայի նախագծեր»,- ասել է Դավիթաշվիլին։
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ կառավարությունը վերանայել և հաստատել է որոշումը, ըստ որի՝ մասնավոր ներդրողը Գարդաբանիի մունիցիպալիտետի տարածքում կկառուցի 350-430 ՄՎտ հզորությամբ համակցված ցիկլով նոր ջերմաէլեկտրակայան։ Այդ նպատակով «Գարդաբնի ՋԷԿ 3» ՍՊԸ-ում «Վրաստանի նավթի և գազի կորպորացիա» ԲԲԸ-ին պատկանող 100 տոկոս բաժնեմասը կվաճառվի։ Բաժնետոմսերի գնման կապակցությամբ Կորպորացիայի կայքում կհայտարարվի աճուրդ՝ շահագրգիռ ընկերություններից հայտեր ստանալու համար, և Կորպորացիան աճուրդը կանցկացնի այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի միջոցով:
«Նոր կայանի զուտ արդյունավետությունը պետք է լինի առնվազն 56 տոկոս։ Բացի այդ, մասնավոր ներդրողի ընտրության հիմնական չափանիշը կլինի մեկ ՄՎտ ջերմակայանի կառուցման ամենացածր կապիտալ արժեքը, երաշխավորված հզորության սակագինը որոշվում է կապիտալ ծախսերին համապատասխան։ Կարեւոր է հոսանք ստանալ հնարավորինս ցածր գնով»,- ասաց փոխվարչապետը։
Նրա խոսքով, Գարդաբանի «ՋԷԿ 3-ը» պետք է շահագործման հանձնվի ամենաուշը չորս տարի հետո։
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։