Լավրովի այցը Սերբիա չեղարկվել է, քանի որ երեք երկրներ թույլ չեն տվել նրա ինքնաթիռին օգտվել օդային տարածքից
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Սերբիա չեղարկվել է, քանի որ Սերբիայի երեք հարևան երկրները թույլ չեն տվել նրա ինքնաթիռին օգտվել օդային տարածքից։ Ռուս դիվանագետի թռիչքների արգելքը սահմանել են Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան։
Մեկնաբանելով բալկանյան երկրների որոշումը՝ Ռուսաստանի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ «ռուսական դիվանագիտությունը դեռ չի տիրապետում տելեպորտացիային»։
Սերբիան չի միացել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին: Ինչպես շատ այլ եվրոպական երկրներ, Սերբիան մեծապես կախված է ռուսական գազից: Բելգրադում ծրագրված են Սերգեյ Լավրովի բանակցությունները նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։