Լատվիայում հայտարարում են, որ Բելառուսի հետ սահմանի տակ թունել են հայտնաբերել, որն օգտագործվում էր միգրանտների ապօրինի փոխադրման համար
Լատվիայի պետական սահմանապահ ծառայության սպաները, ոստիկանության աշխատակիցների հետ միասին, Բելառուսի հետ սահմանի տակ թունել են հայտնաբերել և հայտարարել են այն ցանցերի դեմ պայքարի ծրագրերի մասին, որոնք միգրանտներին օգնում են ապօրինի հատել սահմանը:
Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը, Բելառուսից Լատվիա միգրանտների տեղափոխմանը նպաստում են հանցավոր ցանցերը, ինչի հետևանքով նրանք հայտնվում են Շենգենյան գոտում: Այնուամենայնիվ, նրա հայտարարությամբ, միգրանտների վերջնական նպատակակետը Եվրոպայի այլ տարածաշրջաններն են:
«Ցանկանում ենք նրանց, ովքեր կազմակերպում են այս գործունեությունը, հասցնել այն ուղերձը, որ այսօր ամեն ինչին վերջ ենք դնելու: Այսօր սկսվել է գործողություն, որի նպատակն է դադարեցնել այս կազմակերպված գործունեությունը: Մենք ներգրավելու ենք բոլոր ռեսուրսները՝ ինչպես ռազմական, այնպես էլ այլ կարողություններ: Սա լինելու է ռազմական գործողություն, որը նախատեսում է սերտ համագործակցություն սահմանապահ ծառայության, ոստիկանության և այլ գերատեսչությունների հետ», – հայտարարել է Կուլբերգսը:
Իր հերթին, ինչպես նշել է ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան, կուժեղացվի Լատվիայի արևելյան սահմանի պահպանությունը:
«Այս նպատակով ավելի սերտորեն կհամագործակցեն սահմանապահ ծառայությունը, պետական ոստիկանությունը, ազգային զինված ուժերը և անվտանգության ծառայությունները: Նաև ապօրինի միգրանտների վաղ հայտնաբերման և ձերբակալման համար անօդաչու թռչող սարքերն ավելի ինտենսիվորեն կօգտագործենք», – հայտարարել է Լատվիայի ՆԳ նախարարը:
Լատվիայի կառավարության տեղեկացմամբ՝ միգրանտների հոսքը կանխելու համար համագործակցությունը կշարունակվի հարևան Էստոնիայի, Լիտվայի, Լեհաստանի և այլ երկրների հետ: