Լատվիայի Սեյմը Ռուսաստանը ճանաչել է որպես ահաբեկչությանը աջակցող պետություն
Լատվիայի Սեյմը Ռուսաստանը ճանաչել է որպես ահաբեկչությանն աջակցող պետություն, այսօր համապատասխան հայտարարությունն ընդունել է Լատվիայի օրենսդիր մարմինը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «ուկրաինացի ժողովրդի կանխամտածված ցեղասպանություն» են։
«Ռուսաստանը, իր ագրեսիվ և անօրինական պատերազմի նպատակներին հասնելու համար, ձգտում է վախեցնել և բարոյալքել ուկրաինացի ժողովրդին և ուկրաինական զինված ուժերին, ինչպես նաև կաթվածահար անել ուկրաինական պետության գործունեությունը Ուկրաինան օկուպացնելու համար։ Այսինքն՝ Ռուսաստանը օգտագործում է այս բռնությունը քաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասել է Լատվիայի Սեյմի արտաքին հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Կոլեն։
Լատվիայի Սեյմը կոչ է արել համախոհ երկրներին ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչությանն աջակցող պետություն և դիմել է Եվրամիությանը՝ դադարեցնել տուրիստական և այլ տեսակի վիզաների տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին։
Մինչ այդ՝ մայիսի 10-ին, Լատվիայի օրենսդիր մարմինը Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունները ճանաչել էր որպես ցեղասպանություն։