Լատվիան արգելում է ռուսական համարանիշներով մեքենաների տեղաշարժը: Լատվիայի Սեյմը փոփոխություններ է ընդունել «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում, ըստ որի՝ ռուսական համարանիշներով մեքենաների սեփականատերերին մինչև հաջորդ տարվա փետրվարի 14-ը ժամանակ է տրվում տրանսպորտային միջոցը գրանցելու կամ այն Լատվիայից դուրս բերելու համար։
Նշված ժամկետը լրանալուց հետո ճանապարհային երթևեկության ժամանակ ռուսական տրանսպորտային միջոցի օգտագործման դեպքում այն կենթարկվի առգրավման, իսկ առգրավված մեքենաները կփոխանցվեն Ուկրաինային։
Բացառությունը կվերաբերի միայն Լատվիայի տարածքով տարանցիկ տրանսպորտային միջոցներին, թեև տարանցումը թույլատրվելու է միայն մեկ անգամ և պետք է իրականացվի 24 ժամվա ընթացքում։
Նորացված օրենքն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 15-ից։ Լատվիայի իշխանությունները փոփոխությունները բացատրում են ԵՄ պատժամիջոցներին համապատասխանությամբ և անվտանգության ռիսկերի նվազեցմամբ։