Լաշա Խուցիշվիլին մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի կազմակերպած քննարկմանը
Լաշա Խուցիշվիլին մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի կազմակերպած քննարկմանը

Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին մասնակցել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի ֆինանսների և Կենտրոնական բանկերի կառավարիչների վիրտուալ ձևաչափով քննարկմանը, որը բացել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ քննարկումը, որը վարում էր ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրին, նվիրված էր Ուկրաինայի պատերազմին, Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին և իրավիճակի ազդեցությանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունների վրա։ Բարձր մակարդակի քննարկմանը մասնակցել է նաև Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն։

Իր ելույթում ֆինանսների նախարարը վերահաստատել է Վրաստանի լիակատար աջակցությունն Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինային Վրաստանի աջակցության և միջազգային պատժամիջոցների կատարման հարցերը։ Խոսելով ռազմական գործողությունների ազդեցության մասին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ տարբեր սցենարներ են դիտարկվում, սակայն, չնայած այս մարտահրավերներին, Վրաստանը շարունակելու է բարեփոխումների օրակարգը։ Նախարարը, մասնավորապես, ընդգծել է ԱՄՀ-ի հետ նոր եռամյա ծրագրի մեկնարկի կարևորությունը՝ նշելով, որ այն կօգնի պահպանել երկրի մակրոտնտեսական կայունությունը։