Լաշա Խուցիշվիլին հանդիպել է «Լոնդոնի ֆոնդային բորսայի խմբի» եվրոպական ստորաբաժանման առաջնային շուկաների ղեկավարին և Մեծ Բրիտանիայի դեսպանին
Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է «Լոնդոնի ֆոնդային բորսայի խմբի» (London Stock Exchange Group) եվրոպական ստորաբաժանման առաջնային շուկաների ղեկավար Այունա Նեչաևայի և Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի հետ։
«Լոնդոնի ֆոնդային բորսայի խմբի» կողմից տեղեկատվություն է ներկայացվել խմբի գործունեության և աշխատանքի մասին։ Հանդիպմանը ընդգծվել է Վրաստանի ինքնիշխան և մասնավոր հատվածի հետ առկա սերտ համագործակցությունն ու ապագա ծրագրերը։
Քննարկվել են միջազգային կապիտալի շուկաներում առկա միտումները, ներդրողների աճող հետաքրքրությունը Վրաստանի և տարածաշրջանի շուկաների նկատմամբ։ Նշվել է ընթացիկ տարվա հունվարին Վրաստանի կողմից եվրոբոնդերի հաջող վերաֆինանսավորումը։
Վրացական կողմը հյուրերին տեղեկատվություն է տրամադրել ֆինանսների նախարարության կողմից ընթացիկ տարվա մայիսին դեբյուտային սինդիկացման մեթոդով թողարկված գանձապետական պարտատոմսերի մասին։
Ուշադրություն է դարձվել այն միջոցառումներին, որոնք երկրի կառավարությունն իրականացնում է տեղական և միջազգային կապիտալի շուկաներում՝ ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման և ներդրողների բազայի ընդլայնման նպատակով։
Հանդիպմանը քննարկվել են նաև ընթացիկ միջազգային աշխարհաքաղաքական մարտահրավերների համատեքստում երկրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության միտումներն ու ձեռքբերումները։
Հանդիպմանը վրացական կողմից մասնակցել է ֆինանսների նախարարի տեղակալ Էկատերինե Գունցաձեն։