Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան գարնանային ժողովների շրջանակում ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Բո Լիի հետ։
Ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ի գործադիր տնօրենի տեղակալին՝ Վրաստանի բարեփոխումների օրակարգին աջակցելու համար։ Հիմնադրամի քառամյա ծրագրի արդյունքները դրական են գնահատվել հատկապես գլոբալ «Պովիդ-19» համաճարակի պատճառած վնասի նվազեցման առումով։
Կողմերը քննարկել են երկրի ընթացիկ մակրոտնտեսական և հարկաբյուջետային պարամետրերը, տնտեսության վերականգնման միտումները։ Ուշադրություն է դարձվել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ազդեցությանը տարածաշրջանի և աշխարհի վրա։ Ֆինանսների նախարարը նշել է Վրաստանի քայլերը՝ ուղղված Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին քաղաքական և հումանիտար ոլորտներում աջակցելու համար։
ԱՄՀ-ի գործադիր տնօրենի տեղակալի հետ վերջերս կայացած հանդիպմանը կարևորվեց ԱՄՀ-ի առաքելության հետ բանակցությունների հաջող ավարտը նոր եռամյա ծրագրի մեկնարկի վերաբերյալ, որը կհաստատվի ԱՄՀ-ի գործադիր խորհրդի կողմից:
Ինչպես նշել է ֆինանսների նախարարը, տնտեսական զարգացմանն աջակցող նոր ծրագիրը կնպաստի կառուցվածքային բարեփոխումների շարունակությանը և երկրում հարկաբյուջետային կայունության պահպանմանը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ավելի զարգացնել հարաբերությունները Վրաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։