Լաշա Դարսալիա. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում ևս մեկ անգամ աջակցություն է հայտնվել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ընդգծված է «օկուպացիա» տերմինը, ինչը շատ կարևոր է
«Մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չենք, հետևաբար մեր խնդրանքով գործընկեր երկրները հրավիրել են նշված նիստը. այս աշխատանքը կշարունակվի և ավելի կուժեղացվի նաև այլ միջազգային կազմակերպություններում», – հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո արվել են կարևոր և ամուր հայտարարություններ, որոնք աջակցում են Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
«Տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Վրաստանի բռնազավթված տարածքների վերաբերյալ: Նիստը կայացավ փակ ձևաչափով, որից հետո անդամ երկրների կողմից արվեց հրապարակային հայտարարություն: Բավականին կարևոր և ամուր հայտարարություն, որով ևս մեկ անգամ աջակցություն է հայտնվել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Ընդգծված է «օկուպացիա» տերմինը, ինչը վրացական կողմի համար շատ կարևոր է: Ինչպես գիտեք, այս ժամանակահատվածում մենք միշտ դիմում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների, որպեսզի անցկացվեն նիստեր, արվեն հայտարարություններ Վրաստանի տարածքների օկուպացիայի վերաբերյալ: Մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չենք, հետևաբար մեր խնդրանքով գործընկեր երկրները հրավիրել են նշված նիստը: Այս աշխատանքը կշարունակվի և ավելի կուժեղացվի նաև այլ միջազգային կազմակերպություններում», – հայտարարել է Դարսալիան:
Ի գիտություն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստում քննարկել է ռուս-վրացական պատերազմի տարելիցի հետ կապված Ռուսաստանի կողմից բռնազավթված Վրաստանի տարածքներում տիրող իրավիճակը և ռուս-վրացական հակամարտության հարցը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող և ապագա անդամ երկրները Ռուսաստանին կոչ են անում անհապաղ դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից և հետ կանչել երկու տարածաշրջանների անկախության ճանաչումը: