Լագոդեխի արգելոցում ուժեղ քամուց պոկված ծառը ընկել է այցելուների կենտրոնի վրա
Կախեթիում երկրորդ օրն է՝ պայքարում են բնական աղետի դեմ։ Հորդառատ անձրեւն ու քամին խնդիրներ են ստեղծել Լագոդեխիում։
Լագոդեխի արգելոցի այցելուների կենտրոնի վրա հողմահարված ծառ է ընկել՝ վնասելով երկհարկանի շենքի տանիքը և պատերը։ Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է արգելոցի ղեկավար Գիորգի Սուլամանիձեն, պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել։
«Երբ ուժեղ քամին ու անձրեւը եկավ, երեքս կենտրոնում էինք։ Բարեբախտաբար ողջ մնացինք, բայց շենքը վնասվեց։ Թե որքանով այն հնարավոր կլինի վերականգնել, հավանաբար Սամխարաուլիի փորձաքննության եզրակացությունից հետո կիմանանք՝ շենքի կայունությունը թույլ կտա՞ մեզ դա անել, թե՞ ոչ»,- ասել է Սուլամանիձեն։
Ուժեղ քամուց պոկված ծառն ընկել է նաև վրաց-ադրբեջանական սահմանի, այսպես կոչված, «Տիր պուրակում» անընդմեջ կանգնած երեք բեռնատարների վրա, որոնք բեռնված են եղել Վրաստանից Ադրբեջան տեղափոխելու համար։ Անձրևի հետևանքով հեղեղվել են մի քանի բնակելի տների նկուղներ, ճանապարհը խցանվել է արմատախիլ արված ծառերով և ժամանակավորապես արգելափակվել է երթեւեկությունը։ Տեղում մոբիլիզացվել է Լագոդեխիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը, և փրկարարներին շուտով հաջողվել է մաքրել ճանապարհը, և երթևեկությունը վերականգնվել է։
Օդերևութաբանները Կախեթիի շրջանում վատ եղանակ են կանխատեսում մինչև շաբաթվա վերջ։