La Repubblica - ՆԱՏՕ-ի հետախուզությունը նախազգուշացնում է դաշնակիցներին, որ Ռուսաստանը կարող է պատրաստվել փորձարկել «Պոսեյդոն» սուզանավը, որը կարող է միջուկային ցունամի առաջացնել
«La Repubblica»-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի հետախուզությունը զգուշացնում է դաշնակիցներին, որ Ռուսաստանը հավանաբար պատրաստվում է փորձարկել «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա մեքենան։
Ինչպես գրում է իտալական հրատարակությունը, ռուսական «Բելգորոդ» ատոմային սուզանավն արդեն լքել է Սպիտակ ծովի բազան և ամենայն հավանականությամբ, կուղևորվի դեպի Կարա ծով, որտեղ միջուկային փորձարկում կանցկացնի։
Ինչպես նշում է La Repubblica-ն, Պոսեյդոնը գաղտնի զենք է, որը, ինչպես ասում են, կարող է երկար տարածություններ անցնել ջրի տակ և պայթելիս միջուկային ցունամի առաջացնել, որը կարող է հեղեղել քաղաքները: Խոսքը միջուկային մարտագլխիկով հագեցած 24 մետրանոց սարքի մասին է, որի հզորությունը, ամենայն հավանականությամբ, երկու մեգատոն է։
«Շատ քչերն են հավատում, որ «Պոսեյդոնը» պատրաստ է, բայց պարզապես դրա փորձարկման մասին հայտարարելը Կրեմլին թույլ կտա ցույց տալ, որ ունի Արևմուտքի դեմ պայքարելու եզակի միջոց, որի դեմ պաշտպանություն չկա», – նշում է իտալական հրատարակությունը։
«La Repubblica»-ն գրում է, որ «Բելգորոդ» սուզանավը վերջին ժամանակներս մի քանի անգամ հիշատակվել է «Հյուսիսային հոսք» գազատարի վրա կազմակերպված դիվերսիաների մասին, թեև մասնագետները բացառում են այս սուզանավի մասնակցությունը գազատարի պայթյունին։
Ռուսաստանի նախագահը վերջերս մի քանի անգամ սպառնացել է միջուկային զենք կիրառել։