Կուբայի կառավարություն - Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության ժամանակ զոհվել է 32 կուբացի
Կուբայի կառավարություն - Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության ժամանակ զոհվել է 32 կուբացի

Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության ժամանակ զոհվել է 32 կուբացի։ Կուբան հունվարի 5-ին և 6-ին ազգային սգո օր է հայտարարել զոհվածների համար։

«Պատիվ և փառք հերոս կուբացի մարտիկներին, որոնք զոհվեցին իմպերիալիստ ահաբեկիչների դեմ պայքարում։ Նրանք առևանգեցին Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը, որոնց կյանքը մենք օգնում էինք պաշտպանել եղբայրական երկրի խնդրանքով», – սոցիալական ցանցերում գրել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հաստատել է, որ գործողության ընթացքում զոհվել են բազմաթիվ կուբացիներ։

«Գիտեք, երեկ շատ կուբացիներ սպանվեցին։ Պահակախմբերը։ Շատերը սպանվեցին մյուս կողմից։ Մեր կողմից զոհեր չեղան», – ասել է Թրամփը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ կուբացի բարձրաստիճան պաշտոնյաները Մադուրոյի հետ Վենեսուելայում էին նրա ձերբակալությունից առաջ։

«Մադուրոյին պաշտպանում էին կուբացիները։ Նրան պաշտպանում էին ոչ թե վենեսուելացի պահակախմբերը, այլ կուբացիները», – ասել է Ռուբիոն։