Կրիվոյ Ռոգում ռուսական ուժերի հարվածի հետևանքով զոհվածների թիվը հասել է վեցի, իսկ վիրավորների թիվը հասել է 91-ի
Ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքում ռուսական ռմբակոծության հետևանքով զոհերի և վիրավորների թիվն ավելացել է:
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առևտրի կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել, իսկ 91-ը՝ վիրավորվել:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ 21 վիրավոր գտնվում է ծանր վիճակում, այդ թվում՝ մեկ երեխա:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոսել է առևտրի կենտրոնի վրա կատարված հարձակման մասին և նշել, որ ԱԹՍ-ները երկու անգամ են հարվածել քաղաքացիական օբյեկտին:
«Ռուսները Կրիվոյ Ռոգի սովորական առևտրի կենտրոնի վրա լիովին ցինիկ և վախկոտ հարձակում են իրականացրել: ԱԹՍ-ներով հարվածներն իրականացվել են երկու ալիքով. առաջին հարվածից և գնդակոծությունից կես ժամ անց հասցվել է երկրորդ հարվածը, որի թիրախը շտապօգնության ծառայություններն էին», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին հարվածն անվանել է ահաբեկչական հարձակում և միջազգային համայնքին կոչ է արել ագրեսորին պատասխանել իրական ճնշմամբ: