Կոլումբիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը իր հավատարմագրերը հանձնեց Կոլումբիայի նախագահին
Կոլումբիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Մճեդլիշվիլին (նստավայրը՝ Բրազիլիա) իր հավատարմագրերը հանձնեց Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին: Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ արարողության շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկրների միջև առկա երկկողմ հարաբերությունները և համագործակցության ապագա հնարավորությունները, որոնք կնպաստեն երկու երկրների հետագա մերձեցմանը։
Վրաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն նպաստել քաղաքական երկխոսության ամրապնդմանը և բարձր մակարդակի երկկողմ այցելությունների կազմակերպմանը, ինչպես նաև երկրների միջև տնտեսական և մշակութային ոլորտներում կապերի խորացմանը։
Զուրաբ Մճեդլիշվիլին շնորհակալություն է հայտնել կոլումբիական կողմին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անսասան աջակցության համար։
Նախագահական պալատում կայացած արարողությանը մասնակցել է նաև Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Ռոզա Յոլանդա Վիլյավիչենսիոն։