Կոլորադոյից հետո Մեյն նահանգը ևս արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել 2024 թվականի փրայմերիզին
Կոլորադոյից հետո ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Մեյն նահանգն է արգելել մասնակցել 2024 թվականի փրայմերիզին։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Ըստ ԶԼՄ-ների՝ Մեյնի պետքարտուղար, դեմոկրատ Շենա Բելոուսը եզրակացրել է, որ Թրամփը ապստամբություն է հրահրել, երբ կեղծ տեղեկություններ է տարածել 2020 թվականի ընտրություններում կեղծիքների մասին։ Դոնալդ Թրամփի կոչից հետո նրա կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում և փորձեցին խաթարել նախագահական ընտրությունների արդյունքների վավերացման գործընթացը։
«Միացյալ Նահանգների Սահմանադրությունը չի հանդուրժի հարձակում մեր կառավարության հիմքերի վրա»,- գրել է Բելոուսը 34 էջանոց որոշման մեջ։
Ի պատասխան՝ Թրամփի փաստաբաններն ասել են, որ արագ կբողոքարկեն «սարսափելի» որոշումը։
Դեկտեմբերի 20-ին Կոլորադո նահանգի Գերագույն դատարանն արգելեց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մասնակցել նահանգում 2024 թվականի փրայմերիզին։