Կոկա Կացիտաձեն հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և նրա տեղակալ Արսեն Այվազյանին հյուրընկալել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կացիտաձեն։ Տեղեկությունը տարածում է Հատուկ քննչական ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության պատվիրակության Վրաստան կատարած պաշտոնական այցի նպատակն էր փորձի փոխանակումը երկրների միջև տարբեր քննչական ուղղություններով և ամրապնդել ապագա համագործակցությունը։
Հանդիպմանը Կոկա Կացիտաձեն հյուրերին ներկայացրել է ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, գործառույթները և այն բարեփոխումները, որոնք Հատուկ քննչական ծառայությունն իրականացրել է հետաքննության թափանցիկ չափանիշներ սահմանելու համար։
Ուշադրություն է դարձվել նաև Հատուկ քննչական ծառայության կողմից տուժողների իրավական կարգավիճակի բարելավմանն ուղղված նախաձեռնություններին և փոփոխություններին, այդ թվում՝ քաղաքացիների համար գործի նյութերին հասանելիություն տրամադրելը, հատուկ պաշտպանության միջոցների ներդրումը և միասնական քննչական քաղաքականության մշակումը։
Ծառայության ղեկավարը պատգամավորներ Գիորգի Կվարացխելիայի և Նաթիա Սոնղուլաշվիլիի հետ միասին հյուրընկալել է ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակության անդամներին Քութաիսի քաղաքի Հատուկ քննչական ծառայության Արևմտյան Վրաստանի բաժնի գրասենյակում։
Հանդիպման շրջանակներում կողմերը կիսվել են քննչական ուղղությամբ իրենց փորձով և խոսել երկու երկրների միջև առկա հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղիների մասին։
Հանդիպմանը ներկա էին Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչներ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը։