Կոջորում ավարտվել են սողանքների կանխարգելման միջոցառումները, վերականգնվել է ճանապարհային երթևեկությունը
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ Կոջորի ավանում՝ Յունկերների փողոցում, որտեղ այս տարվա հունիսին սողանքը վնասել էր ճանապարհը, ասֆալտ է փռվել և երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։ Նրանց տվյալներով՝ նշված հասցեում ավարտվել են հակասողանքային միջոցառումները։
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն իր տեղակալ Իրակլի Բենդելիանիի հետ միասին ծանոթացել է նախագծով նախատեսված աշխատանքներին։
«Կոջոր գյուղի Յունկերների փողոցի ճանապարհի մեկ կեսն ամբողջությամբ փլուզվել է, և երկու ուղղություններով մեքենաների համար խնդիր է առաջացել։ Հուլիսին պայմանագիր կնքեցինք կապալառու ընկերության հետ և սկսվեցին լանջի վերականգնման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում ամբողջությամբ ամրացվել է թեքությունը։ Ճանապարհային աշխատանքներն ավարտված են, հնարավոր է երկկողմանի երթևեկություն։ Ձեռնարկվել են բոլոր միջոցները, որպեսզի հետագայում կոնկրետ այս ճանապարհը խնդիրներ չունենա, և հնարավոր լինի անվտանգ տեղաշարժվել»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը անվտանգության նկատառումներով օպերատիվ կերպով սկսել է Յունկերների փողոցում բոլոր անհետաձգելի աշխատանքների իրականացումը։
«Մասնագետների ուսումնասիրությունների հիման վրա իրականացվել են լանջերի ամրացման աշխատանքներ։ Մասնավորապես, նշված հատվածում տեղադրվել են ուղղահայաց և հորիզոնական խարիսխներ, կառուցվել երկաթբետոնե պատ, գաբիոններ, ճանապարհի վրա ավարտվում են ճանապարհային աշխատանքները։
Հարկ է նշել, որ 24 մետրանոց փլուզված հատվածի վերականգնումն առաջին անգամ է իրականացվել Թբիլիսիում։ Մայրաքաղաքի բյուջեից 536029 լարիով ֆինանսավորվել են սողանքների կանխարգելման աշխատանքները։
Մայրաքաղաքի քաղաքապետի հետ միասին տեղում էին՝ Թբիլիսիի ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Լևան Նարուշվիլին, Մթածմինդայի շրջանի գամգեբելի Դավիթ Կիրկիտաձեն և Սակրեբուլոյի մեծամասնության պատգամավոր Զուրաբ Աբաշիձեն»,- նշվում է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։