Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել պատերազմն Ուկրաինայում և կատարել 2008 թվականին Վրաստանում հրադադարի համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները. ԱՄՆ-ի դեսպանատուն
ԱՄՆ-ը չի ճանաչում, այսպես կոչված, մարտի 12-ին Վրաստանի Աբխազիայի տարածաշրջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների օրինականությունը և չի ճանաչում արդյունքները,- այս մասին ասվում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ի դեսպանատունը նաև կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել պատերազմն Ուկրաինայում և կատարել 2008 թվականին Վրաստանի հետ հրադադարի համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։
«Մեր դիրքորոշումը Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ միանշանակ պարզ է՝ այդ շրջանները Վրաստանի անբաժանելի մասն են։ Ըստ այդմ, մենք վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Այս հիմնարար սկզբունքներին հավատարմությունն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը ընտրել է չհրահրված, անարդար և դաժան պատերազմ վարել Ուկրաինայում:
Համապատասխանաբար, մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և Վրաստանում, որպեսզի կատարի 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները, այդ թվում իր ուժերը դուրս բերի նախահակամարտային դիրքեր, չեղարկի Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանները որպես անկախ պետություններ ճանաչելու որոշումը, և մարդասիրական օգնության միջանցք տրամադրի այդ շրջաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։